Նոյեմբերի 5-ին ձերբակալվածները խուլիգաններ չեն։ Այսօր՝ հուլիսի 18-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այս մասին հայտարարեց Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը՝ նշելով, որ կան դա ապացուցող բազմաթիվ փաստեր։
«Եթե մենք խուլիգաններ լինեինք, ապա տեւական ժամանակ մեր տեսակցությունները եւ հայտարարություններ անելը արգելանքի տակ չէր լինի։ Այս հարցին մի անգամ ազնիվ պատասխան տվեց քննչական բաժնի աշխատողներից մեկը, որն ասաց՝ կարող եք հիմա հայտարարություններ անել ու ժողովրդի մեջ նոր հուզումներ առաջացնել, ինչը ձեռնտու չի իշխանություններին»,-ասաց նա։
Ավետիս Ավետիսյանի խոսքով՝ խուլիգաններին հատուկ մեկուսացման մեջ չեն պահում. «Եթե մենք խուլիգաններ ենք, ապա ինչու է մեր ընկեր Շանթը պահվում ԿԳԲ-ի պադվալում, ո՞վ է տեսել, որ խուլիգանները հատուկ մեկուսացման մեջ լինեն»։
Ավետիս Ավետիսյանը նշեց, որ իրենց քաղբանտարկյալ են ճանաչել բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ եւ անհատներ, ինչը նույնպես ապացուցում է, որ իրենք խուլիգաններ չեն։
«Մեզ քաղբանտարկյալներ, ոչ թե քրեական հանցագործներ են ճանաչել այնպիսի հեղինակավոր միջազգային ՀԿ-ներ, քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Լոս Աջելեսում գործող Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, Շվեյցարիայի նախագահը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մի շարք այլ կազմակերպություններ եւ անհատներ»,-ասաց նա։
Ավետիսյանի խոսքով՝ ինքն ու իր ընկերները միացել են Շանթ Հարությունյանի հեղափոխությանը, որովհետեւ նա արժեքների հեղափոխություն է ցանկացել իրականացնել. «Ես եւ իմ ընկերները չենք կարող համակերպվել Հայաստանում տիրող բարքերին, արժեքային համակարգին, որն ուղղակի փտեցնում է հայ ժողովրդին, դեգրադացնում նրան, դա էր պատճառը, որ ես եւ իմ ընկերները միացանք Շանթի կազմակերպած արժեքների հեղափոխությանը, կրկնում եմ՝ արժեքների եւ ոչ թե սոցիալական պայմաններից դրդված հեղափոխության, որը ինչպես միշտ ֆարս է դուրս գալիս եւ անհաջողության է մատնվում»։
Նա նշեց, որ իշխանությունները իրենց ձերբակալելով փորձ են անում վերացնել պայքարը եւ «ընկճել մարդկանց ազատ ոգիները»։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























