Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը։
«Այս դատական ակտը ցույց տվեց մեր դատական համակարգի եւ դատավորի անկախությունն ու ազատությունը դատական ակտ կայացնելու առումով։ Ես գնահատում եմ դատավորի անկախությունը 6 ամսով, այսինքն՝ դատախազը ինչ որ ուզեց, դատավորը համարձակություն ունեցավ 6 ամսով իջեցնել»,-ասաց նա։
Արա Զաքարյանի խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը քաղաքական պատվեր էր, ինչ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռեւս դատավճիռը չհրապարակած ըստ էության հրապարակեց դատավճռի բովանդակությունը։
«Այս հանգամանքը եւս վկայեց, որ դատական ակտը մեր դատավորը չի իրականացրել, այն կայացրել են շատ վերեւներում, ուղղակի մեր դատական համակարգը հերթական անգամ նոտարի կարգավիճակում գտնվելով, հրապարակել է վերեւների կայացրած որոշումը»,-ասաց փաստաբանը։
Արա Զաքարյանը նշեց, որ հետազոտված փաստերով չի հիմնավորվել մեղադրանքը, նաեւ դատարանը հաշվի չառավ Վոլոդյա Ավետիսյանի անձը բնութագրող հատկանիշները, նրա խնամքին գտնվող 3 անչափահասների հանգամանքը եւ ավելի մեղմ պատիժ չկիրառեց։
«Մեր իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանը ոչ միայն չարածի համար դատապարտվի, իր չարածի համար նստի, այլեւ նրա ընտանիքը ֆինանսապես տուժի՝ օդից վերցնելով 2000 ԱՄՆ դոլարի կաշառքը»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ հուլիս 17-ին դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։





























