Հայաստանի Ազատության հրապարակում կազմակերպված ՕԵԿ հանրահավաքում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. Ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, որը Facebook-ում գրանցված է «Նավակ ճոճողը» անվամբ:
Ոստիկանների պնդմամբ՝ Վիլեն Գաբրիելյանը չի կատարել իրենց օրինական պահանջը: Թե որ օրինական պահանջի մասին է խոսքը, ոստիկանները հրաժարվեցին որեւէ բան ասել: «Նավակ Ճոճողը» նույնպես որեւէ բան չասաց, նշելով, որ իր ձեռքին թուղթ է եղել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ բերման ենթարկելը ակտիվիստը կանգնած էր Արթուր Բաղդասարյանի դիմաց, ուղիղ նայում էր նրան, իսկ ձեռքին ոչինչ չկար: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Նավակ ճոճողը» բարձրացել է հարթակ, եւ ՕԵԿ անդամների հետեւում փակցրել «ԱԽՔ» գրությամբ թուղթ:





























