Ռուսաստանի սանիտարական ծառայությունը հուլիսի 18-ից արգելել է Մոլդովայից ՌԴ պտուղ-բանջարեղենային պահածոների ներկրումը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ռոսպոտրեբնադզոր»-ում բացատրել են, որ արգելքը պայմանավորված է սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով։ Ինչպես նախօեին հաղորդել էին «Ռոսսելխոզնադզոր»-ից, Ռուսաստանը հուլիսի 21-ից  կարգելի Մոլդովայից մրգերի ներկրումը։

Գերատեսչությունում պատմել են մոլդովական բուսական արտադրանքի ներկրման ժամանակ մեծաքանակ խախտումների մասին։ Արգելք է սահմանվել նաեւ ուղեբեռներով եւ ձեռքի բեռներով Մոլդովայից բուսական արտադրանքի տեղափոխման վրա։

ՌԴ-ում արգելք է գործում նաեւ  ՌԴ մոլդավական գինու մատակարարումների վրա: Արգելքը չի տարածվում Մերձդնեստրից եւ Գագաուզիայից բերվող արտադրանքի վրա:

Հուլիսի 16-ին աղբյուրը հայտնել է, որ ՌԴ կառավարությունը որոշում կկայացնի Մոլդովայի հետ առեւտրային հարաբերություններում պաշտպանական  միջոցներ կիրառելու մասին, քանի որ երկրի խորհրդարանը վավերացրել է  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ըստ ՌԴ կառավարության որոշման` Ռուսաստանը մտադիր է միակողմանի կերպով հարկեր կիրառել մոլդովական գինու եւ գյուղատնտեսական արտադրանքի վրա: