Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը դատապարտել է Թուրքիային Գազայի հատվածում իսրայելական զինվորների գործողություններով պայմանավորված ,հակաիսրայելական դաժան ցույցերից հետո «դիվանագիտական կանոնները» խախտելու մեջ: Այդ մասին գրում է կանադանական «La Presse» թերթը՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
Իսրայելի արգործնախարարի հայտարարության մեջ ասվում է, որ Ավիգդոր Լիբերմանը «ԱԳՆ-ին հանձնարարել է հասկացնել թուրքական կառավարությանը, որ Իսրայելը վճռականորեն բողոքում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կրակոտ հայտարարություններից հետո ցույցերի ժամանակ թուրքական իշխանության եւ անվտանգության ուժերի կողմից դիվանագիտական կանոնների կոպիտ խախտման դեմ»:
Ինչպես NEWS.am-ը ավելի վաղ հաղորդել էր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը սուրք քննադատության էր ենթարկել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները՝ հայտարարելով, որ իր պաշտոնավարման օրոք նա երբեք չի կարող դրական մտածել Իսրայելի մասին: «Իսրայելը տվյալ պահին իրականացնում է ահաբեկչություն եւ ցեղասպանություն: Իսրայելը սպառնում է աշխարհի խաղաղությանը, քանի որ նա լավ գիտի՝ ինչպես սպանել երեխաներին», ասել է վարչապետը:





























