Հայ աշակերտները միջազգային օլիմպիադայում եւս 9 մեդալ են նվաճել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա մասնավորապես գրել է. «Օլիմպիական մեդալների իսկական հրավառություն: Հայաստանի աշակերտները շարունակում են պատվով հանդես գալ միջազգային աշակերտական օլիմպիադաներին:
Հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ մերոնք նվաճել են միանգամից եւս ԻՆԸ (!) մեդալ:
«Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան կայացավ հուլիսի 13-ից 19-ը Թայվանում: Հայ աշակերտները նվաճեցին չորս մեդալ` երկու արծաթե եւ երկու բրոնզե:
«Ֆիզիկա» առարկայի 45-րդ միջազգային օլիմպիադան տեղի է ունենում հուլիսի 13-ից 21-ը Ղազախստանում: Թեպետ մրցությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն հայտնի է, որ մեր սաները նվաճում են հինգ մեդալ` երեք արծաթե եւ երկու բրոնզե:
Սրտանց շնորհավորում եմ մեր երեխաներին,որոնք ուղղակի աննախադեպ արդյունք են ցույց տալիս այս տարի: Կեցցեք դուք, ձեր ուսուցիչները, ծնողները եւ թիմերի մարզիչները:
Հերոսների անունները կհրապարակենք երկուշաբթի:
Այս պահին միջազգային առարկայական օլիմպիադաներին Հայաստանն արդեն նվաճել 15 մեդալ:
Մաղթենք, որ հաղթանակների էստաֆետը փոխանցվի մեր քիմիկոսների եւ աստղագետների թիմերին:
ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ»:





























