Փարիզը մտադիր է Ռուսաստան ուղարկել երկու «Միստրալ» ուղղաթիռակիրներից մեկը, երկրորդի ուղարկումը կախված է Ուկրաինայի հարցում ՌԴ դիրքորոշումից: Այս մասին հայտարարել է  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Այս պահին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մակարդակը չի խոչընդոտում առաջին սարքի մատակարարմանը», - ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա միաժամանակ հավելել է. «Արդյոք սա նշանակում է, որ պայմանագրի երկրորդ մասը՝ երկրորդ  «Միստրալը», եւս կիրագործվի՞: Դա կախված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի մոտեցումից»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը քանիցս ռուսական կողմին վստահեցրել էր, որ Փարիզը կկատարի պայմանագրային պարտավորությունը: Վերջին անգամ նման հայտարարություն նա արել էր հունիսի սկզբին: Այն ժամանակ նա հայտնել էր, որ մատակարարման հարցում փոփոխություններ չեն դիտվում, քանի որ պատժամիջոցները սպառազինության վաճառքի արգելք չեն սահմանում:

Ֆրանսիայում հայտնել էին նաեւ սարքերը մայիսի կեսերին կամ ապրիլի վերջին ուղարկելու մտադրության մասին:

Պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում Ֆրանսիային 1 մլրդ եվրոյի տուգանք է սպառնում: