Ռուսաստանը դիմել է Բելառուսին՝ վերջինիս տարածքում պաշտպանա-արդյունաբերական համալիրի մի քանի հազար անուն ապրանքների արտադրության նախաձեռնությամբ: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին ասել է  Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

«Բելառուսի ռազմարդյունաբերության կոմիտեին առաջարկել են ուսումնասիրել մի քանի հազար անուն ապրանքատեսակ: Առաջարկվել է յուրացնել դրանք», - նշել է Սուրիկովը:

Հիշեցնենք,  հունիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արգելել է  ռազմաարդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այդ որոշումը կայացվել էր հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում: Ավելի վաղ այդպիսի համագործակցությունն արգելվել էր միայն զենք ու սպառազինություն արտադրելու եւ Ռուսաստան մատակարարելու առումով:

Նշենք նաեւ, որ Պորոշենկոն ԵՄ-ին կոչ էր արել հատվածային պատժամիջոցներ կիրառել ՌԴ նկատմամբ, որոնք կենթադրեն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության դադարեցում, եթե Մոսկվան չդադարի աջակցել Դոնբասի ռուսամետ ակտիվիստներին: