Հայաստանյան դեղերի շուկայում պաշտոնական հաշվապահությանը զուգահեռ, այսպես կոչված, «սեւ հաշվապահություն» է վարվում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ դեղերի շուկայում հարուցված վարույթի եւ ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեղերի գների շեշտակի աճ է գրանցվել: Ստուգումները ցույց են տվել, որ դեղերի գների շեշտակի աճ արձանագրվել է մանրածախ ցանցում` դեղատներում:
«Ընդ որում` տարբեր դեղատներում միեւնույն դեղի գները տարբեր չափերով են բարձրացել: Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումներով պարզվել է, որ դեղատներում օրինական պաշտոնական հաշվապահությանը զուգահեռ, այսպես ասած, „սեւ հաշվապահություն“ է վարվում»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, վարույթի ընթացքում հանձնաժողովը Կառավարության որոշման համաձայն, դադարեցրել է ստուգումները: Ստուգումների դադարեցումը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բացատրում է փաստաթղթաշրջանառության ոչ լիարժեք կիրառության, մասնագետների ոչ բավարար քանակի հետ, բայց գաղտնիք չէ, որ դեղերի շուկայում բավական ազդեցիկ մարդիկ են գործում, եւ ամենայն հավանականությամբ հանձնաժողովին ուղղակի հասկացրել են, որ քիթը չխոթի այլոց գործերի մեջ:



























