«Երբ կարդում ես հայկական մամուլը, տպավորություն է ստեղծվում, թե մենք ապրում ենք երեք տարբեր Հայաստաններում: Առաջինում ամեն ինչ հրաշալի է եւ առաջընթաց է նկատվում, երկրորդում ամեն ինչ վատ է եւ միակը, ինչ հուզում է ժողովրդին, հայտնվո՞ւմ են արդյոք Հայ ազգային կոնգրեսի մի խումբ ակտիվիստները Ազատության հրապարակում»,- Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:
«Սակայն մենք ապրում ենք երրորդ Հայաստանում՝ արդիական խնդիրներով, որոնք հուզում են ժողովրդին, եւ երբ փորձում ենք բարձրացնել այդ խնդիրները, բախվում ենք կառավարության դժգոհությանը»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, թե միայն ՀՅԴ-ն է փորձել բարձրացնել ժողովրդին հուզող գազի սակագնի հարցը խորհրդարանում, ինչը կառավարությունը գնահատել է որպես քաղաքական շոու:
«Միեւնույն ժամանակ մենք միայն ցանկանում էինք պարզել այդ որոշման հիմքերը: Եւ քանի որ խորհրդարանական մեծամասնությունը ձախողեց մեր նախաձեռնությունը, մտադիր ենք հանդես գալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով, որը կուսումնասիրի գազի սակագնի բարձրացման հարցը, եւ արդյո՞ք ինչ-որ մեկը շահագրգռված էր դրանում»,- նկատել է Հովհաննիսյանը:
Իր հերթին՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոստացել է սեպտեմբերին խորհրդարանական լսումներ կազմակերպել ՀՅԴ հարցման վերաբերյալ:


























