NEWS.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է հուլիսի 24-ին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբորը Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող անձնավորությունը: Նա՝ ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանն է:

Վերջինս ոստիկանության Շիրակի մարզի Ախուրյանի քննչական բաժին է ներկայացել փաստաբանով ու տալիս է նախաքննական իր ցուցմունքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հուլիսի 24-ին, ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն ահազանգել է համայնքի բնակիչներից մեկը եւ տեղեկացրել, որ ինչ-որ անհայտ ավտոմեքենա երկար ժամանակ է՝ կայանված է ֆերմաներից մեկի տարածքում: «Ինձ որ զանգեցին, ես արագ հասա ֆերմայի մոտ ու տեսա սպիտակ գույնի «Ֆորդ» մակնիշի մեքենան։ Մոտեցա, տեսա, որ մահացած մարդ կա ու հրազենային վնասվածք ուներ: Ես շատ վախեցա ու արագ ոստիկանություն կանչեցի», - պատմել է համայնքապետը:

Ըստ նախնական վարկածի սպանությունը կատարվել է խանդի հողի վրա: Շիրակի մարզային ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը գտել է տղամարդու դիակ, զննվել է տեղանքը, ապա՝ ավտոմեքենան, կատարվել են հատուկ քննչական գործողություններ։

Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: