Սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը զինելը կոպտագույն սխալ կլինի, նվազագույնն այդ զենքը 2 ժամ հետո հայտնվելու է Երեւանում եւ այլ բնակավայրերում՝ հասկանալի դրսեւորումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մերօրյա հերոսները՝ դիրքերում կանգնած պատանիներն ու սահմանամերձ գյուղերի, հատկապես, Չինարի բնակիչներն են, որոնց նկատմամբ խորին հարգանք եմ տածում: Վերջին զարգացումները գուցե մասամբ պայմանավորված են ադրբեջանում նոր պաշտպանության նախարար նշանակելով. «թարմ» ու միաժամանակ կոմպլեքսավորված պաշտոնյաները, որպես կանոն, ամեն գնով աճապարում են համբավ ձեռք բերել: Իհարկե, կլինեն նաեւ այլ ծանրակշիռ գործոններ: Այս համատեքստում աշխուժացել են խաղաղ բնակչությանը զինելու առաջարկությունները:

Դատախազությունում 1989-1992թթ. ազգամիջյան հարաբերությունները համակարգող բաժնի պետի պաշտոնում իմ համեստ փորձը հուշում է, որ խաղաղ բնակչությանը զինելը կոպտագույն սխալ կլինի, նվազագույնն այդ զենքը 2 ժամ հետո հայտնվելու է Երեւանում եւ այլ բնակավայրերում՝ հասկանալի դրսեւորումներով:

Խաղաղ բնակչությանը զինելու փոխարեն, կարծում եմ, հայրենական զինված ուժերը կգտնեն համարժեք լուծումներ: Առավել արդյունավետ կարող է համարվել, օրինակ, պարբերաբար վարժահավաքներ անցկացնելն ու սահմանամերձ գյուղերում «նպատակասլաց» զորավարժություններ անցկացնելը: Իսկ Չինարի դեպքերը հընթացս վկայում են այն մասին, որ Արցախի պարագայում հարմար դիրքեր (բարձունք) ձեռք բերելու դեպքում, ինչը վերջերս «միամտորեն» առաջարկում էր ԱՄՆ-ի դեսպանը, նույն պատկերն ենք ունենալու»: