«Air France» ավիաընկերության, հուլիսի 26-ին Փարիզ-Երեւան չվերթն իրականացնող օդանավի օդաչուները հրաշքով են կարողացել խուսափել վթարից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց այդ օդանավի ուղեւորներից մեկը:
Նրա խոսքով՝ երբ սարսափն ավարտվեց, եւ ուղեւորներին արդեն դուրս էին գալիս օդանավից, իրենք տեսել են օդաչուների վախեցած դեմքերը, որոնք շատ բանի մասին են խոսում:
«Մեզ օդաչուներն ու օդանավի անձնակազմը ոչինչ չեն ասել: Միայն օդանավի վայրէջքից հետո, երբ ուղեւորներից մեկը աղմուկ բարձրացրեց, օդաչուն ընդամենը հայտարարեց, որ դեստաբիլիզիացիայի խնդիր էր»,-ասաց մեր զրուցակիցը:
«Ես այդ օդանավում էի եւ միակ բանը, որ ինձ այդ պահին հուզում էր ավելի քան 200 մարդու մազից կախված կյանքն էր: Ես սրտանց ուրախ եմ այդ օդանավում գտնվող բոլոր մարդկանց համար, որոնք վստահաբար կարող են այսուհետ հուլիսի 26-ը նշել որպես իրենց վերածննդի օր»,-ընդգծեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Air France» ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից էր ժամանել, հրաշքով խուսափել է վթարից Հայաստանի մայրաքաղաքի Զվարթնոց օդանավակայանում:
Երեւանի օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդանավը թեքվել է ձախ կողմի վրա, հպվել թռիչքուղուն, սակայն օդաչուներին չի հաջողվել վայրէջք կատարել. նրանց որոշել են երկրորդ շրջան դուրս գալ ու կտրուկ արագություն են հավաքել:
«Ինքնաթիռը ձախ թեւով արդեն հարվածում էր թռիչքուղուն: Այն ուժեղ ցնցվում էր: Դրանից անմիջապես հետո ինքնաթիռը դարձյալ արագություն հավաքեց ու օդ բարձրացավ: Սրահում խուճապ սկսվեց, մարդիկ բղավում էին, շատ երեխաներ կային: Մեզ ոչ ոք ոչինչ չբացատրեց: Միայն ուղեւորներից մեկի միջամտությունից հետո օդաչուն հայտարարեց, որ ապակայանացում է տեղի ունեցել»,- հայտարարել է Փարիզ-Երեւան չվերթի ուղեւորներից մեկը:
Արդյունքում օդանավը եւս 40 րոպե պտտվել է օդանավակայանի վրայով, իսկ ինքնաթիռն ուժեղ ցնցվել է: Ականատեսի խոսքով՝ «վայրէջքի ժամանակ տպավորություն էր, թե ինքնաթիռը լողում է եւ չի կարող հպվել թռիչքուղուն»:
Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել՝ մոտ մեկ ժամ ուշացումով: Վայրէջքից հետո ուղեւորներից մի կին ապրումներից կորցրել է գիտակցությունը: Նրան օգնելու համար բժիշկների խումբ է ժամանել:




























