Ուկրաինական «Այդար» գումարտակը հաստատել է նախօրեին Լուտուգինոյի մերձակայքում մարտի ընթացքում 23 զինվոր կորցնելու մասին լուրը: Այս մասին Կիեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է գումարտակի կամավոր Ալեքսանդր Միրոնչուկը:

Նրա խոսքով, երեկ գումարտակի մարտիկները զանգահարել են իրեն եւ տեղեկացրել, որ 23 մարդ են կորցրել:

«Զոհվել են, որովհետեւ վստահել են մեկ այլ հետախուզության տվյալներին: Նրանք չէին սպասում այն դիմադրությանը, որը նրանց ցույց են տվել»,- ասել է նա:

Միրոնչուկը չի հստակեցրել, թե ինչ հետախուզության մասին է խոսքը՝ նշելով, թե որքան ինքը հասկացել է, դա «Այդար»-ի հետախուզությունը չի եղել:

«Այդար»-ի 23 մարտիկների կորստի մասին տեղեկությունը հաստատել են նաեւ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդում:

Ավելի վաղ գումարտակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Լուտուգինո քաղաքի մերձակայքում մարտերի ժամանակ 23 զինվոր է զոհվել:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում գումարտակի ստորաբաժանումները քաղաքի շուրջ տարբեր ուղղություններով երեք գործողության են մասնակցել: Բոլոր խմբերում էլ զոհեր կան: