Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար ներկայացող Բայրամ Սաֆարովը պաշտոնապես ոչ ոքի չի ներկայացնում: Նա ընդհանրապես իրավասու չէ որեւէ մեկին որեւէ հարցով դիմելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջներում հայտված տեղեկությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» դիմել է ԵԱՀԿ նախագահին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել այդ տարածաշրջանի հայ համայնքի հետ:

Պատգամավորի խոսքով, Բայրամ Սաֆարովը կարող է, որպես նախկինում Լեռնային Ղարաբաղում բնակված ադրբեջանցի, դիմել ԼՂՀ իշխանություններին, որոնք նրան գոհացուցիչ պատասխան կտան:

«Կցանկանայի ընդգծել, որ 1-2 օր առաջ ադրբեջանական կայքերից մեկն անդրադարձել է Սաֆավորին՝ նշելով, որ Բաքվի մերձակայքում գտնվող Նուրհանի բնակավայրում նա 4.5 մլրդ դոլար արժողությամբ առանձնատուն է գնել: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը նրան հարցրել է, թե որտեղի՞ց իրեն այդքան գումար, իսկ վերջինը պատասխանել է, որ փոխանակում է կատարել: Ադրբեջանցի լրագրողը հումորով եզրակացություն է արել, որ, հնարավոր է, նա այդ գումարով Շուշին է փոխանակել»,- նշեց Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, որ Սաֆարովը եղել է Շուշիի հանրային սննդի կոոպերացիայի պատասխանատուն, եւ դրանով ամեն ինչ ասված է: