Ռումինահայոց միությունը Բուխարեստի քաղաքապետարանի եւ Բուխարեստի մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ 2014թ. օգոստոսի 1-3-ը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Ստրադա Արմենեասկը» (Հայկական փողոց) փառատոնը, որը տեղի կունենա Հայկական թաղամասում (Հայկական եկեղեցու բակ, Ռումինահայոց միության գրասենյակ, Հայ մշակույթի կենտրոն եւ Հայկական փողոց):

«Ստրադա Արմենեասկը» փառատոնը մի նախագիծ է, որի միջոցով փորձում ենք ինտերակտիվ կերպով ներկայացնել հայ մշակույթը՝ այն հասցեագրելով բոլոր բուխարեստցիներին, որոնք ցանկանում են Հայկական փողոցը տեսնել կյանքով լի:

Փառատոնի շրջանակներում կներկայացվեն ժամանակակից եւ ավանդական երաժշտություն, ժողովրդական պարեր, գեղագրություն, լուսանկարների ցուցահանդես եւ այլն: Այցելուները Հայկական փողոցի սրճարաններում հնարավորություն կունենան համտեսել հայկական տարբեր ուտելիքներ, սրճի տեսակներ եւ արեւելյան քաղցրեղեն, ինչպես նաեւ փողոցում կազմակերպված տոնավաճառի շրջանակներում իրենց համար կբացահայտեն Հայաստանի հետ կապված շատ բաներ. ցանկացողները կարող են գտնել հայկական թեմատիկայով տարբեր զարդեր, խեցեգործական եւ կավե իրեր, ձեռագործ աշխատանքներ,  գործվածքներ, գրքեր, սրբապատկերներ, նկարներ:

Երեխաներին կմատուցվեն մի շարք անակնկալներ փառատոնի բոլոր 3 օրերի ընթացքում: Հատուկ նրանց համար «Մարկ Տվեն» միջազգային դպրոցը կազմակերպում է տարբեր միջոցառումներ:

Ի սրտե ցանկանում ենք նվիրել բուխարեստցիներին մի գեղեցիկ տոն, որի արդյունքում նրանք կճանաչեն հայկական մշակույթը եւ ոչ միայն:

Փառատոնը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ուրբաթ, (16:00-22:00), օգոստոսի 2-ին եւ 3-ին (10:00-22:00): Մուտքն անվճար է:

Փառատոնի կազմակերպիչներն են Ռումինահայոց միությունը եւ Հայ համայնքի երիտասարդների կազմակերպությունը: