Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը հուլիսի 30-ին ինտենսիվ կերպով գնդակոծվել է. գյուղացիների պնդմամբ՝ դեռ այսպիսի ուժգնությամբ կրակոցներ չէին եղել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը, կրակոցներ միշտ էլ լինում, սակայն հուլիսի 29-ին՝ 4 ժամ, իսկ երեկ վաղ առավոտից ավելի քան 5 ժամ ադրբեջանական կողմը կրակ է բացել տների եւ այգիների ուղղությամբ:

«Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան, նյութական վնասներ են միայն: Հակառակորդը կրակել է այգիների ուղղությամբ, որտեղ մարդիկ աշխատելիս են եղել, արագ վազել են, թաքնվել, մենք էլ փակել են բոլոր պատուհանները: Բայց դե այգիներն ու տներն ահագին վնասվել են»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ գյուղում այս պահին հանգիստ է, սակայն ժողովրդի մոտ խուճապ կա, նման կրակոցներ երբեք չեն եղել: