Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին եւս նկատվում է ոչխարների եւ այծերի գլխաքանակի աճման միտումներ. հանրապետությունում առկա է շուրջ 980 հազար գլուխ ոչխար եւ այծ, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավել է գրեթե 35 հազարով:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ոչխարների գլխաքանակի արտահանման ծավալներն, այնուամենայնիվ, ընթացիկ տարում ցածր են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվանից մեր հանրապետությունից արտահանվում են ոչ թե կենդանի ոչխարներ, այլ համապատասխան պայմաններում սպանդի ենթարկված ոչխարի միս: Ներկայումս ոչխարի մորթ է իրականացնում միայն ՀՀ Սյունիքի մարզում գործող սպանդանոցը, որտեղ, 2014 թվականի հուլիսի 28-ի դրությամբ իրականացվել է շուրջ 9000 գլուխ ոչխարի մորթ: Մսեղիքը հիմնականում արտահանվել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ի դեպ, ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում մսի համար իրացվել է 237,5 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, որի 96%-ը սպառվել է ներքին շուկայում:
Հարկ է նշել, որ մսի իրացման նպատակով հանրապետությունում տարեկան սպանդի է ենթարկվում ավելի քան 500 հազար գլուխ ոչխար եւ մինչեւ տարեվերջ սպանդի կենթարկվի եւս 260-270 հազար գլուխ: Ակնկալվում է, որ նշված գլխաքանակից 160-170 հազար գլուխը կիրացվի արտաքին շուկայում:




























