«Վերնիսաժում» հուլիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ նույն գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դիմել է արդարադատության եւ առողջապահության նախարարություններին, որ ստեղծվի հանձնաժողով՝ որոշելու Վալերի Հովհաննսիսյանին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա, թե ոչ:

«Իմ պաշտպանյալը դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, դրական փոփոխություն կա, բայց ես համոզված եմ, որ Վալերի Հովհաննիսյանն ինտենսիվ բուժման կարիք կա: Այդ պատճառով էլ դիմել են արդարադատության եւ առողջապահության նախարարություններին, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա»,- ասաց նա:

Գործի մանրամասների վերաբերյալ Լեւոն Բաղդասարյանը հրաժարվեց որեւէ բան ասել՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում եւ ամեն ինչ կպարզվի. «Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ նախաքննություն կավատվի եւ գործն էլ կուղարկվի դատարան»:

Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է հուլիսի 4-ին: Փաստաբանի պնդմամբ՝ Վալերի Հովհաննիսյանին դատարան են տեղափոխել «պատգարակով, կողքից աղիքը բաց վիճակում ընկած»: 

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am