Հայաստանից մեծ քանակությամբ մերձարեւադարձային մրգերի արտահանումն առայժմ իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սպայկա» ընկերության ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Հայաստանից թարմ մրգեր եւ բանջարեղեն արտահանող ընկերությունն ուսումնասիրել է Իրանի հետ սահմանակից Հայաստանի Մեղրիի շրջանից խուրմայի եւ թզի արտահանման պոտենցիալը, սակայն հանգել է եզրակացության, որ ֆերմերներն ի վիճակի են գրեթե ամբողջ բերքն իրացնել երկրի ներսում եւ ավելի բարձր գնով, քան առաջարկում են արտահանողները:

«Մենք ցանկանում էինք փորձել աշխատել շրջանի ֆերմերների հետ եւ նրանց որակի չափանիշների վերաբերյալ ցուցումներ տրամադրեցինք: Սակայն հասկացանք, որ նրանք գործնականում կարողանում են բերքը ներսում վաճառել»,- հավելեց Բաղդասարյանը:

Նշենք, որ Հայաստանի մերձարեւադարձային մրգերի արտահանումը մեծ ծավալներ չի կազմում, սակայն 2013 թվականին զգալիորեն աճել է (եթե 2012թ. այն կազմել է ընդամենը 106 կգ, ապա 2013-ին՝ 3.3 տոննա):