Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հյայտնում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: 

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ եւ յոթ վիրավոր, ինչպես նաեւ մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ: 
Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաեւ հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Զ. Գեւորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: 

Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: 

Հարկ է նաեւ նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարեւելյան եւ արեւելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին եւ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են: 

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը եւ հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը: