Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների(Սիերա-Լեոնե, Գվինեա, Լիբերիա) արտակարգ գագաթաժողովի մասնակիցները որոշում են ընդունել մեկուսացնել Էբոլա համաճարակի բռնկման էպիկենտրոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեկուսացված մարդկանց նյութական օգնություն կցուցաբերեն: Այս շրջանը շրջապատված կլինի ոստիկաններով ու զինվորականներով»,- հայտարարել է Մանո գետի պետությունների միության գլխավոր քարտուղար Հաջա Սարան Դարաբը: Միությունը միավորում է Սիերա-Լեոնեն, Գվինեան ու Լիբերիան:

Բռնկման էպիկենտրոնը, որտեղ գրանցված են ավելի քան 70 տոկոս հիվանդություններ, գրավում է Սիերա-Լեոնեի արեւելքը, Գվինեայի հարավն ու Լիբերիայի հյուսիսը:

Երեք երկրների ղեկավարությունը որոշել է նաեւ 100 մլն դոլար հատկացնել, որպեսզի բժիշկների նոր խմբերի ներգրավի հիվանդության գոտիներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակի տարածման գոտում աշխատող 60 անձ վարակվել են մահացու հիվանդությամբ ու վախճանվել:

Վարակը, որի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, 729 մարդու մահվան պատճառ է դարձել, ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 1300 դեպք: Մահացությունը կարող է հասնել 90 տոկոսի, սակայն այս պահին կազմում է 55 տոկոս: