2014թ. ապրիլի 1-ին, Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ Աշոտ Ա.-ի կողմից համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ին սպանելու փորձ կատարելու եւ ապօրինաբար հրազեն պահելու համար, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Աշոտ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց` կիրառվել է կալանավորումը:

Ամիսներ անց, քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Քրեական գործի հետագա քննությամբ պարզվել է, որ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա» տեսակի կարաբինով կրակոցներ է արձակել նույն Աշոտ Ա.-ի եւ նրան ուղեկցող Արսեն Չ.-ի ուղղությամբ: Փաստորեն, մեղադրյալ Աշոտ Ա.-ին վերագրվող հանցագործություններից բացի, բացահայտվել է նաեւ մեկ այլ անձի` Անդրանիկ Խ.-ի կողմից կատարված հանցագործությունը, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրյալ Անդրանիկ Խ.-ն կալանավորված է:

Բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության մասին օրեսդրական պահանջի ճշգրիտ իրականացման նպատակով որոշվել է միացնել վերոնշյալ երկու քրեական գործերը եւ նախաքննությունը շարունակել մեկ վարույթում: