Ռուսաստանի Պերմի երկրամասում «Ազատ երկինք» փառատոնի ժամանակ վթարի է ենթարկվել թեթեւ շարժիչային ինքնաթիռը. օդաչուն զոհվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Աղբյուրի խոսքով՝ «Վիման» ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չաստինսկի շրջանում Նիժնեե Գորոդիշչե գյուղից 1 կմ հյուսիս-արեւելք, որտեղ տեղի է ունենում փառատոնը: Երկրի վրա զոհեր ու ավերածություններ չկան: Պարզում են վթարի պատճառներն ու հանգամանքները:

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԻՆ-ը հաստատել է ինքնաթիռի վթարի մասին տեղեկությունը: Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ 16:35-ին օպերատիվ-հերթապահ մաս ազդանշան է ստացվել մեկ տեղանոց ինքնաթիռի վթարի մասին Պերմի երկրամասի Չաստինսկի շրջանի Նիժնեե Գորոդիշչե գյուղից 1 կմ հյուսիս-արեւելք: Դեպքի վայր են հասել փրկարար եւ արտակարգ ծառայության ստորաբաժանումներ, ինչպես նաեւ քննիչներ: