Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ օգոտսոսի 2-ին, աշխատանքային այցով ժամանել է Գեղարքունիքի մարզ: Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պաշտոնական այլ անձինք:

Վարչապետի առաջին կանգառը Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցում էր, որի տարրական դասարանների մասնաշենքը կառուցվել է պետբյուջեի միջոցներով, երեք փուլով, 130 միլիոն ներդրմամբ: Դպրոցի նորակառույց մասնաշենքը կշահագործվի նոր ուսումնական տարում, ինչի շնորհիվ դպրոցը կանցնի միահերթ պարապմունքների: Մինչ այս դպրոցն աշխատում էր երկհերթ եւ վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Կառավարության ներդրած միջոցների շնորհիվ դպրոցի տարրական դասարաններն արդեն ունեն շենքային ժամանակակից պայմաններ, իսկ նորակառույց շենքի երրորդ հարկում կառուցվում է նիստերի դահլիճ: Դահլիճի կառուցման եւ դպրոցի նորակառույց շենքի կահավորման համար վարչապետը խոստացել է տրամադրել լրացուցիչ միջոցներ: Վարչապետը խոստացել է աջակցություն ցուցաբերել Ծակքար համայնքի մանկապարտեզի հիմնանորոգմանը:

Ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Լիճքի նախկին ձկնաբուծարան եւ Կարճաղբյուր համայնք, որտեղ նախատեսվում է Սեւանա լճում ցանցավանդակային ձկնաբուծություն զարգացնելու նպատակով հիմնել նոր ձկնաբուծարաններ` Սեւանի իշխանի մայրական կազմի աճեցման համար: Դիտարկումից հետո վարչապետը լրագրողներին հայտնել է, որ Սեւանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ դնելու համար պահանջվում է 60 միլիարդ դրամ, որից առաջին փուլում պետք է տրամադրվի 3 միլիարդը, որի շրջանակներում էլ պետք է Լիճքում եւ Կարճաղբյուրում Սեւանի իշխանի մայրական կազմի բուծման համար հիմնել ձկնաբուծարաններ:

Վարչապետը խոստացել է աջակցություն ցուցաբերել նաեւ Գեղարքունիքի մարզի չորս համայնքներին հատկացվող հացահատիկահավաք կոմբայնների ձեռքբերման հարցում: Մայրաքաղաք վերադարձի ճանապարհին ՀՀ վարչապետը կանգառ է կատարել Ծովինար համայնքում, որտեղ դիտել է ցորենի բերքահավաքի աշխատանքները եւ բնակիչների հետ քննարկել ոռոգման համակարգի ստեղծման հետ կապված խնդիրներ, լսել բնակիչների կողմից բարձրացված հարցերը: