Չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:  Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի:

«Կա հրադադարի պայմանագիր, եւ Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք եւ մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է: Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաեւ պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել եւ հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն եւ մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: