Իրաքում բնակվող եզդիների շուրջ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Այդ մասին ասվում է «Սինջար» լրատվական կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

«Երեկ «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները լայնածավալ հարձակում էին սկսել եզդիաբնակ Շանգալ մարզի ուղությամբ: Եզդիներից կազմված աշխարհազորը կատաղի մարտ է վարել ահաբեկիչների հետ, սակայն առավոտյան արդեն զինամթերքի սպառման հետեւանքով` մարզի հարավային որոշ ինքնապաշտպանական խմբեր ստիպված են եղել նահանջել:

Այս պահին Շանգալի հարավային հատվածը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ եւ խաղաղ բնակչությունը հեռանում է լեռներ, իսկ իրենց  բնակավայրերից չհեռացողներին ահաբեկիչները սպանում են: Այս պահին անհայտ է, թե քանի խաղաղ բնակիչ է սպանվել, սակայն համացանցում ահաբեկիչները սկսել են արդեն լուսանկարներ տարածել:

Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերը եզդիաբնակ տարածքները ահաբեկիչներին են հանձնում առանց մարտերի եւ որեւէ կերպ չեն օգնում եզդի աշխարհազորին: Եզդիական Բաադր բնակավայրի բնակիչները փակել են Էրբիլ-Դուհոկ ավտոճանապարհը եւ պահանջում ենք քրդական կառավարությունից, որպեսզի զինված օգնություն տրամադրվի Շանգալի եզդիներին»,- ասվում է հայտարարության մեջ: