Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր. մարզային հանդիպումների առաջին օրը նախարարը Գորիսի քաղաքապետարանում ընդունել է քաղաքացիներին: Մարդիկ ներկայացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին: Քաղաքացիների խնդիրները, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաեւ բնակտարածքների օգտագործմանը, վարկերի ժամանակին մարմանը եւ ՀՀ արդարադատության նախարարության լիազորություններից դուրս այլ հարցերի: Ներկայացված մյուս բոլոր խնդիրները նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ փորձելով գտնել լուծման ուղիներ:
Նախարարի հաջորդ այցը ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ն էր, որտեղ, պայմաններին ծանոթանալուց հետո, նախարարը հանձնարարականներ է տվել հիմնարկի պետին եւ այցելել Սյունիքի մարզի առաջնորդարան:
Հայր Մակարի հետ քննարկվել են մարզի հոգեւոր առանձնահատկությունները: Սրբազանը նախարարին տեղեկացրել է, որ մարզում նախընտրում են նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել չգործող վանքերն ու եկեղեցիները: Առաջնորդարանում նախարարը պատմել է Գորիսի բժշկական կենտրոնում ապաքինվող փոքրիկ Արսենի մոր նամակի մասին: Նամակը նախարարն ստացել էր մարզ մեկնելուց առաջ, որտեղ ասվում էր, որ փոքրիկ Արսենն ունի հենաշարժական խնդիրներ եւ մայրը նշել էր, որ երեխան հեծանիվ է ուզում: Սրբազանն առաջարկել է միասին այցելել հիվանդանոց: Երեխաները բարձր տրամադրությամբ են դիմավորել հյուրերին: Հովհաննես Մանուկյանը բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Սրբազանը օրհնել է փոքրիկներին:
Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզպետարանում նախարարն ընդունել է մարզի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին եւ դատարանի ներկայացուցիչներին: Մանրամասն քննարկելով աշխատակիցներին հուզող հարցերը՝ նախարարը խոստացել է դրանք ուսումնասիրել: Մարզային գործընկերները հիմնականում բողոքել են շենքային պայմաններից, գույքի եւ տեխնիկայի մաշվածությունից: Այս հարցերի շուրջ նախարարը առանձնազրույց է ունեցել մարզպետի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղում ուսումնասիրել խնդիրները եւ հնարավորինս նպաստել լուծմանը:
Նախարարն ու մարզպետն այնուհետեւ ընդունել են քաղաքացիներին: Նրանց հիմնական խնդիրները վերաբերել են դատական վեճերին եւ իրավական այլ հարցերի: Ընդունելությանը հաջորդել է նախարարի եւ մարզպետի խորհրդակցությունը, որի ընթացքում երկուստեք հանձնարարականներ են տրվել մարզպետարանի եւ նախարարության աշխատակիցներին:
Կապանից նախարարը գնացել է Արծվանիկ համայնքի ծերերի «Արծվաբույն»
տուն-ինտերնատ: Նախարարի այցն աշխուժություն է մտցրել ծերերի առօրյայում, ովքեր հյուրին մաղթել են երկարակեցություն եւ անփորձանք աշխատանք: Ծերերին հրաժեշտ տալուց հետո Հովհաննես Մանուկյանն այցելել է Ղարաբաղյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված, Արծվանիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սոս Ղազարյանի տուն: Ազատամարտիկի մայրը իր մտահոգություններն է հայտնել սահմանի վերջին ժամանակների անհագիստ վիճակից եւ խնդրել նախարարին «լավ պահել մեր երկիրը»...
Սյունիքի մարզային այցի վերադարձի ճանապարհին նախարարն այցելել է Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց, որտեղ մարզում ճանաչված արվեստագետ, ուսուցիչ Աշոտ Ավագյանի հետ ճաշել է եւ զրուցել մարզի արվեստասեր հասարակության նախասիրություններից եւ առանձնահատկություններից: Աշոտ Ավագյանը ներկայացրել է իր սաների աշխատանքները՝ ափսոսելով, որ որոշակի տարիքի հասնելով երեխաները կամ դադարում են հաճախել արվեստանոց, կամ մեկնում են եւ չեն վերադառնում: Արվեստագետ-ուսուցչին նախարարը մաղթել է արժանի սերնդափոխություն: Լեռնահայաստան այցը այսքանով սահամանափակվել է:





























