ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ժամանակն է սկսել բանակցությունները, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնությանը:

Դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել մոտ ժամանակներս եւ քննարկել ելակետային հարցերը: «Եթե կողմերը իրականում ցանկանում են լուծել խնդիրը, նրանք պետք է ընդունեն համանախագահների հետ կառուցողական բանակցային գործընթացներ սկսելու Շվեյցարիայի առաջարկությունը», - հայտարարել է Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը տրված զրույցին:

«Նա ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին՝ ընդգծելով շփման գծում մեծ թվով զոհերի շուրջ իր անհանգստություն: «Այդ միջադեպերը հարված են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին եւ ես կոչ եմ անում կողմերին բոլոր քայլերը ձեռնարկել հրադադարի ռեժիմին հետեւելու համար», նշել է նա:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: