Օգոստոսի 1-ից հաշմանդամ եւ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունների չափը բարձրացվել է 10-15 տոկոսով, այն արդեն կոչվում է պարգեւավճար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին տրվող պարգեւավճարի աճը կկազմի 20%, այսինքն՝ եթե նախկին 26 000 դրամի փոխարեն կկարողանան ստանալ 31 000 դրամ: «Իսկ չափահաս երեխայի առկայության պարագայում ներկայումս տրվող 33 000 դրամի փոխարեն հնարավորություն ունեն ստանալու 38 000 դրամ»,- ասել է նա:
Սաիյանը նշել է, որ պարգեւավճարների բարձրացման պարագայում պետբյուջեից ամսական կպահանջվի 120 մլն դրամ. այս տարվա օգոստոսից սկսած մինչեւ տարեվերջ այն կկազմի շուրջ 600 մլն դրամ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























