Android համակարգով բջջային սարքավորումների օգտատերերը համացանցի թրաֆիկի ընդհանուր ծավալներով հուլիսին առաջին անգամ գերազանցել են Apple ընկերության արտադրանքը նախընտրողներին:

Netmarketshare կայքի տվյալներով, Android-ի մասնաբաժինը բջջային սարքավորումների կողմից օգտագործված թրաֆիկի ծավալներում հուլիսին կազմել է 44.62%՝ iOS-ի 44.19%-ի դիմաց:

Գրաֆիկից պարզ է դառնում, որ դեռեւս հունիսին iOS-ն առաջատար էր գրեթե 2%-ով, սակայն հուլիսին Android-ի մասնաբաժինն աճել է շուրջ 1%-ով, այն դեպքում, երբ iOS-ը մրցակիցներին զիջել է իր թրաֆիկի շուրջ 1.5%-ը:

Բջջային սարքավորումների ընդհանուր թրաֆիկում Android-ի մասնաբաժինը վերջին տարիներին կայուն կերպով աճում է: Netmarketshare-ի ավելի վաղ դիտարկումների համաձայն, դեռեւս 2012թ. օգոստոսին նման սարքավորումները թրաֆիկի 21% ցուցանիշ էին արձանագրում՝ iOS-ի 66%-ի դիմաց:

Android-ով սարքավորումները վաղուց արդեն համաշխարհային մակարդակով առաջատարի դիրքեր են զբաղեցնում վաճառքի ընդհանուր ծավալներում: Սակայն, ըստ Slon.ru-ի, փաստացի համացանցում անփոփոխ կերպով ավելի ակտիվ էին Apple-ի արտադրանքից օգտվողները: