NASA-ի փորձագետները հաջողությամբ փորձարկել են EmDrive շարժիչը, որի աշխատանքի սկզբունքը խախտում է ֆիզիկայի հիմնարար կանոնները, բայց այն անբացատրելիորեն աշխատում է՝ ամբողջությամբ փոխելով տիեզերքի յուրացման հեռանկարները:
EmDrive շարժիչը հայտնագործել է բրիտանացի Ռոջեր Շոերը: Այն վառելիքի կարիք չունի, քանի որ դրանում օգտագործվում է միկրոալիքների էներգիան: Ըստ Newsru-ի, առաջին փորձնական մոդելը կառուցվել է դեռեւս 2003 թվականին: Գյուտարարին ծաղրել են նույնիսկ այն ժամանակ, երբ 2009 թվականին փորձը հաջողությամբ կրկնել է նաեւ չինական մասնագետների խումբը:
Հիմա փորձարկումների մասին հաշվետվությունը հրապարակվել է NASA-ի կայքում: Շոերի շարժիչն աշխատում է վակուումային կոնտեյների շուրջ միկրոալիքների տատանման ճանապարհով: Միկրոալիքների ստեղծման համար անհրաժեշտ էլեկտրականությունը ստանում են արեւային լույսի օգնությամբ: Այդպիսով, շարժիչը վառելիքի օգտագործման կարիք չունի եւ փաստացի կարող է աշխատել հավերժ՝ մինչեւ մեխանիկական խափանումը:
Նման շարժիչ ստեղծելու գաղափարը խենթություն է թվում, իսկ տեսականորեն այն չպետք է աշխատի: Ամեն դեպքում, փորձարկումները հաստատել են գաղափարի կենսունակությունը:





























