Քարվաճառցի 14-ամյա Կարինե Մինասյանը, ով լսողական խնդիրներ ունի, եւ ում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կոխլեար իմպլանտացիա պետք է կատարվի, այժմ պետք է պարապի սուրդոմանկավարժի հետ։ Այս փուլը շատ կարեւոր է երեխայի համար, որպեսզի նա լսողության կորստի հետ միասին չկորցնի նաեւ խոսելու ունակությունը։
Հիշեցնենք, որ Կարինե Մինասյանի ընտանիքին NEWS.am-ը հյուրընկալել էր Քարվաճառի դպրոցական երեխաներին օգնություն ցուցաբերելու բարեգործական ակցիայի շրջանակներում։ Կարինեի մայրը՝ Անահիտը պատմել էր, որ երեխան սկզբից լսել ու խոսել է, հետո նրա մոտ լսողական խնդիրներ են առաջացել, ու նրան լսողական սարք են տրամադրել, բայց վիճակը գնալով վատացել է, եւ երեխան արդեն սարքի օգնությամբ էլ չի լսում։ Ինքը Կարինեն մեզ ասել էր, որ երազում է լսել եւ վիրաբույժ դառնալ։
Այս ընտանիքի մասին NEWS.am-ի հրապարակմանը արձագանքել էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, եւ հանձնարարել երեխային հետազոտել իր ղեկավարած երեւանյան «Էրեբունի» ԲԿ-ում։
Երեխային հետազոտելու ժամանակ Հայաստանում էին գտնվում Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման եւ Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը։ Հիշյալ հիմնադրամը հայ մանուկներին անվճար կոխլեար իմպլանտներ է տրամադրում։ Կարինե Մինասյանն ընդգրկվել է կոխլեար իմպլանտացիայի սպասող երեխաների ցուցակում, եւ վիրահատությունը, ամենայն հավանականությամբ, կկատարվի հոկտեմբերին։
Բայց մինչ վիրահատությունը կա նախապատրաստական շրջան, եւ այս ընթացքում երեխան պետք է գտնվի Երեւանում, այցելի սուրդոմանկավարժի պարապմունքների, ինչից հետո կկատարվեն եւս մի քանի հետազոտություններ:
Հիշեցնենք, որ աղջկա համար հաշիվ է բացվել, եւ ցանկացողները կարող են օգնել այս ընտանիքին, հետեւյալ հաշվեհամարով գումար փոխանցելով.
Converse bank
AMD 1930051111510100
USD 1930051111510101
Ստացող` Անահիտ Մինասյան





























