Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ բարերար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանին սատարող խումբը օգոստոսի 7-ին նախատեսում է երթ Երեւանի կենտրոնում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց գործարարի ընկեր, բժիշկ Մացակ Փոլադյանը, երթի մեկնարկը ժամը 12:00-ին է:

«Կոչ եմ անում բոլորին միանալ երթին ու պայքարել միասին: Հատկապես այս պահին, երբ ամեն կողմից մեր թշնամիները փորձում են հարվածել մեզ, մենք պիտի ինչպես երբեք լինենք միասին: Միասնական ուժերով մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Լեւոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ նման պայմաններում նրան պահելն էլ ավելի է վատթարացնում նրա վիճակը: Երթի մասնակիցներին խնդրում ենք միայն պահպանել համապատասխան կարգ ու կանոն, Լեւոն Հայրապետյանին չվնասելու համար: Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետեւ կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին»,- ասաց նա:

Նշենք, որ մինչեւ այդ երթ էր նախատեսված հուլիսի 31-ին, որը սակայն վերջին պահին հետաձգվեց: