Ամերիկյան Մինեսոտա նահանգի հյուսիսային Դորսեթ քաղաքում 5-ամյա Ռոբերտ «Բոբբի» Թաֆթսը պարտվել է քաղաքապետի ընտրություններում՝ տեղը զիջելով 16-ամյա Էրիկ Մյուլլերին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Fox News-ին:

Հաղթանակի դեպքում սա Բոբբիի համար Դորսեթի քաղաքապետի պաշտոնում երրորդ ժամկետը կլիներ: Ընտրված քաղաքապետի իրավասությունները տեւում են մեկ տարի: Այդպիսով, առաջին անգամ Բոբբին Դորսեթի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է, երբ դեռեւս 3 տարեկան էր:

Դորսեթ քաղաքը տեղակայված է նահանգի մայրաքաղաք Մինեապոլիսից 200 կմ հեռավորությամբ: Fox News-ի տեղեկություններով, քաղաքի բնակչությունը կազմում է 9-28 մարդ: 

Դորսեթի բնակիչներն իրենց քաղաքը կոչում են «աշխարհի ռեստորանային մայրաքաղաք»: Տարին մեկ անգամ՝ օգոստոսի առաջին կիրակի օրը, քաղաքում «Դորսեթի համը» խոհարարական փառատոն է անցկացվում, որին մասնակցելու համար ժամանում են հարակից գյուղերի եւ քաղաքների բնակիչները: Փառատոնի շրջանակում էլ անցկացվում են քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են տոնի բոլոր այցելուները: 

Քաղաքապետը բացառապես նոմինալ կերպար է, քանի որ Դորսեթում ո՛չ քաղաքային ծառայություններ, ո՛չ էլ վարչակազմ չկան: