Թուրքիայի զորամասերից մեկից փախուստի դիմած զինվորը մեքենա է առեւանգել, մի կնոջ բռնաբարարել եւ փորձել մի աղջկա առեւանգել, որի ժամանակ էլ ձերբակալվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգում զինվորական ծառայության մեջ գտնվող Է.Ք.-ն լքել է զորամասը եւ մեկնել Անկարա։

Զորամասը լքած զինվորն Անկարայում մեքենա է առեւանգել, բռնությամբ մի կնոջ տարել անտառ բռնաբարել, որից հետո մի խանութում զենքի սպառնալիքով փորձել է առեւանգել երիտասարդ աշխատակցուհուն, սակայն երբ ներս է մտել խանութի սեփականատերը, Է.Ք.-ն փախչել է խանութից։

Խանութի սեփականատերն արագ ոստիկանություն է հայտնել, որից հետո որոնումներ սկսած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Է.Ք.-ին, ով խոստովանել է իր հանցանքները։