Հայկական կողմը շարունակում է ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորածների որոնողական աշխատանքները: Այս մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի եւ ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորածների հարազատների հետ օգոստոսի 5-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Հայաստանի հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը:

Նրա խոսքով, որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն բարդանում են, քանի որ ադրբեջանական կողմը համառորեն չի ցանկանում համագործակցել:

«Արդեն մի քանի տարի հայկական կողմը հանդիպում կազմակերպելու փորձեր է ձեռնարկում՝ առկա խնդիրները քննարկելու նպատակով, սակայն բախվում է համառ մերժման»,- նշել է Սամվել Ասատրյանը՝ հավելելով, որ դրա հետեւանքով ադրբեջանական կողմի հետ աշխատանքն իրականացվում է անուղղակիորեն, միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ: «Սակայն դա չի խոչընդոտում որոնողական աշխատանքների շարունակմանը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում Հայաստանից անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ: