Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իրատեսորեն է տրամադրված եւ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կտրուկ բարելավում չի ակնկալում: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպմանը, Օհանյանը հիշեցրել է, որ հակառակորդը նման հանդիպումներից առաջ, ընթացքում եւ հետո լարվածություն է ստեղծում սահմանին, փորձելով ազդել միջազգային հանրության վրա եւ բարձրացնել սեփական բանակի մարտական ոգին:
«Միայն երկխոսությունն է պայմաններ ստեղծում հարցի քաղաքակիրթ լուծման համար»,-հայտարարել է նախարարը:
Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի պահպանել լարվածությունը սահմանին: «Հանդիպումից հետո եւս քիչ հավանական է, որ հակառակորդը ամբողջությամբ կպահպանի հրադադարը»,-նշել է Օհանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի՝NEWS.am




























