Այս պահին իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ աջակցությանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ՀԱՊԿ-ն չպե՞տք է  հանդես գա հայտարարությամբ՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությանը, նախարարը պատասխանել է, որ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Ինչ վերաբերում է իրավիճակի ճիշտ գնահատական տալուն եւ դատապարտմանը, դա վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլեւ բոլոր կազմակերպություններին, բոլորը պետք է սթափ գնահատեն իրավիճակը եւ դատապարտեն Ադրբեջանին:

Անդրադառնալով գործընկերների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, Սեյրան Օհանյանը նշել է, որ նախորդ տարի համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո ՌԴ-ի հետ սերտ համագործակցությունը զարգանում է, որի նպատակը հայկական բանակը ժամանակակից սպառազինություններով եւ տեխնիկայով համալրելն է, ինչպես նաեւ ռուսական կազմակերպությունների հետ ուղիղ կապերի ստեղծումը: «ՌԴ-ի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»,-ընդգծել է նախարարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am