Վանաձորի քիմիական գործարանի սեփականատերն անհայտ է նույնիսկ վարչապետին, սակայն այս պահին կառավարությունը բանակցություններ է վարում բրիտանական ընկերության հետ՝ ներդրումներ անելու համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Վանաձորում հավաքված աշխատակիցներին ասաց Հովիկ Աբրահամյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիմգործարանի աշխատողները հավաքվել են ԱԻՆ նոր մասնաճյուղի մոտ, որի բացման համար էլ Վանաձոր է մեկնել վարչապետը: Տեսնելով հավաքվածներին՝ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է նրանց, լսել նրանց դժգոհությունները՝ աշխատավարձ չստանալու վերաբերյալ: Աշխատակիցներին հարցին, թե վերջապես ով է քիմգործարանի սեփականատերը, վարչապետը պատասխանեց. «Ես էլ չգիտեմ սեփականատիրոջը, սակայն նրանց անունից հանդես է գալիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: Երբ վերադառնամ, կփորձեմ ճշտել սեփականատիրոջ անունը: Մեզ հետաքրքրում է ավելի շատ գործարանի ճակատագիրը, քան աշխատավարձերը: Այս պահին բանակցում ենք բրիտանական ընկերության հետ»:

Քիմգործարանի աշխատողներն արդարացան, թե իրենց էլ է գործարանի ճակատագիրը հետաքրքրում, սակայն նրանք իրենց աշխատածն են ուզում: Վարչապետը խոստացավ օգնել:

Նշենք, որ վարչապետին ուղեկցում է նաեւ Աարտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հիշեցնենք, որ Վանաձորի քիմգործարանը մոտ 1 մլն դոլարի պարտք ունի իր աշխատողներին: 2012թ.-ից չվճարված աշխատավարձերի համար գործարանի աշխատակիցները պարբերաբար ցույցեր են անում, սակայն ապարդյուն: