Ադրբեջանական դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ջանֆիդացիները, Գոռը 24 տարեկան էր, 3,5 տարի ծառայել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«Ամուսնացած չէր Գոռը, քույր ու եղբայր ուներ, որոնք սովորում էին համալսարանում: Մայրն ուսուցչուհի է, հայրն էլ հողագործությամբ է զբաղվում: Պատկերացրեք՝ մանկավարժի երեխան ինչպիսին կլինի. շատ խելացի, հոյակապ երիտասարդ էր, հայրենասեր»,- ասաց համայնքի ղեկավար Ռաֆիկ Եղիազարյանը:
Գյուղում Գոռի մահը բոլորն են սգում: Նրանց պատմելով՝ զոհված զինծառայողն ընկերասեր էր, օգնում էր բոլորին, արձակուրդներին էլ հատուկ գյուղ էր գալիս՝ ծնողներին հողագործության ժամանակ օգնելու:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զոհված զինծառայողին օգոստոսի 2-ին պարգեւատրել է մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ վերջին օրերին լարված է սահմանին: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:





























