Ամսվա սկզբին Քալիֆորնիայի 30 բնակիչ, որոնցից շատերը Գլենդելի հայեր են, պատմական Արեւմտյան Հայաստան են այցելել, որտեղ ծնվել ու մեծացել նրանցից շատերրի տատերն ու պապերը, սակայն արտաքսվել կամ սպանվել են 1915թ.-ի ցեղասպանության տարիներին:
Ինչպես գրում է «Glendale News-Press» թերթը, ուղեւորության կազմակերպիչը Կարպիս Տեր-Եգինյանն էր, ով Գլենդել քաղաքում գտնվող «Մաշտոց» քոլեջի ղեկավարն է: Էքսկուրսիայի ընթացքում նա հետեւել է, որ շատերն առաջին անգամ են տեսել իրենց նախնիների տների ավերակները, թեեւ կյանքի մեծ մասում նրանց մասին պատմություններ են լսել:
Գեւորգ Հակոբյանը Հյուսիսային Հոլիվուդից իր կնոջ՝ Սիլվայի հետ մասնակցել է 15 օր տեւողությամբ ուխտագնացությանը՝ ցանկանալով տեսնել նախնիների հայրենի քաղաք Դյորթյոլը, որն Ադանայից 90 կմ հեռավորության վրա է գտնվում: Բեյրութում մեծացած Հակոբյանը թոշակի անցած ուսուցիչ է, լսել է Դյորթյոլի եւ նրա հարուստ նարնջի այգիների մասին: Քաղաքում նա եկեղեցի է տեսել, որտեղ ամուսնացել են իր տատիկն ու պապիկը, մկրտվել են ծնողները: Եկեղեցուց միայն չորս պատ է մնացել: «Դա այնպիսի հուզական պահ էր,- ասել է նա:- Ժամանակ առ ժամանակ արտասվել էի ցանկանում: Աչքերս թաց էին»:
Կարպիս Տեր-Եգինյանը մշտաբար ուխտագնացություններ կազմակերպում պատմական Արեւմտյան Հայաստան 1987թ.-ից: Նա արդեն լավ ծանոթ է մարդկանց ու տեղանքին: Տեր-Եգինյանը հույս ունի, որ 2015թ.-ին, երբ նա Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նա հերթական ուխտագնացությունը կկազմակերպի, Հայաստանն ու Թուրքիան բաժանող Ախուրյան գետի վրայով անցնող ավերված կամուրջը վերականգնված կլինի:





























