Միչիգանի GarLyn կենդանաբանական այգու ազատավանդակից Կառլոս անունով կոկորդիլոս է փախել՝ դուրս գալով ցանկապատի տակ կրիայի փորած անցքով:

Ըստ MLive-ի, 30 սմ երկարությամբ կոկորդիլոսի ձագի փախուստի մասին այգու աշխատակիցներն իմացել են իրավապահներից, քանի որ մինչ այդ չեն նկատել նրա անհետացումը:

Կենդանաբանական այգու պատերի մոտ զբոսնող սողունի մասին ոստիկանությանը հաղորդել են տեղի բնակիչները: Իրավապահներն առանց դժվարության բռնել են փախստականին, որը փոքր չափերի պատճառով վտանգ չի ներկայացրել մարդկանց համար: Ցանկապատի տակ փոսը հայտնվել է մեծ կրիայի շնորհիվ, որը պարբերաբար այնտեղից կավ է տեղափոխել դեպի լճակ:

Կառլոսին կենդանաբանական այգի են բերել 2013 թվականի հոկտեմբերին: Ընդհանուր առմամբ, GarLyn-ում շուրջ 100 կենդանի է բնակվում, այդ թվում՝ երկու մեծ կոկորդիլոս: Կենդանաբանական այգու գոյության 20 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ կենդանուն հաջողվել է փախչել: