Հնդիկ լուսանկարիչ Ռաջ Շետյեն Facebook-ում ֆոտոսեսիայի հրապարակումից հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում: Մշակութային նախագծի շրջանակում նա մոդելին լուսանկարել է ավտոբուսում, ռազմատենչ երիտասարդներով շրջապատված, որպեսզի, ինչպես ինքն է ասում, հասարակությանը հիշեցնի բռնաբարության խնդրի մասին:

Լուսանկարիչը լրագրողներին ասել է, որ ցավագին է ընդունում կանանց հանդեպ բռնությունը եւ գիտակցում է այդ թեմայի շուրջ ստեղծագործող մարդկանց արտահայտվելու անհրաժեշտությունը: Սակայն լինելով նորաձեւության լուսանկարիչ, արել է այն, ինչին սովոր է աշխատանքի բերումով:

Սոցիալական ցանցերի ոչ բոլոր օգտատերերն են գնահատել ֆոտոսեսիայի հեղինակային մեկնաբանությունը. բազմաթիվ մարդիկ լուսանկարները որակել են «զզվելի» եւ «սարսափելի»՝ նշելով, որ Շետյեն «գլամուրացրել» է բռնությունը՝ այն դատապարտելու փոխարեն: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի վերջին մի խումբ տղամարդիկ ավտոբուսում ծեծել եւ բռնաբարել էին 23-ամյա բժիշկ-ուսանողուհու, ով մի քանի օր անց մահացել էր Սինգապուրի հիվանդանոցներից մեկում:

Անցած 18 ամիսների ընթացքում Հնդկաստանում աղմկահարույց բռնաբարությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Երկրի հազարավոր բնակիչներ դուրս էին գալիս փողոցներ՝ իշխանություններից պահանջելով խստացնել սեռական բռնության համար նախատեսված պատիժը եւ այդ հանցագործությունների հետաքննությունն ավելի արդյունավետ դարձնել: