ԱՄՆ քաղաքացիներ Դոն եւ Մաքսին Սիմփսոնները շուրջ 62 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են միեւնույն օրը: Այս մասին գրում է The Bakersfield Californian-ը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Դոն Սիմփսոնը 90 տարեկան էր, նրա կին Մաքսինը՝ 87: Վերջին տարիներին տղամարդը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ կինը միզապարկի քաղցկեղ ուներ: Հունիսի սկզբին ամուսինները փոխադրվել են իրենց թոռնուհու տուն՝ հարազատներին մոտ լինելու համար: Հուլիսի 14-ին Դոնն ընկել ու կոտրել է ազդրը, այնուհետեւ թոքերի բորբոքմամբ տեղափոխվել հիվանդանոց: Հարազատները գիտեին, որ զույգը ցանկանում է կյանքի վերջին օրերը միասին անցկացնել, այդ պատճառով հուլիսի 19-ին Դոնին տուն է բերել: Մաքսինը մահացել է հուլիսի 21-ի առավոտյան 7-ի սահմաններում, ամուսինը նրանից ընդամենը 4 ժամ ավելի է ապրել:

Սիմփսոնների թոռնուհու՝ Մելիսա Սլոունի խոսքով, իր տատիկն ու պապիկը հետաքրքիր կյանք են ունեցել՝ չնայած բացարձակապես տարբեր են եղել: «Դոնը կատակասեր էր, իսկ Մաքսինը՝ հակառակը, շատ «ճիշտ» մարդ էր»,- The Bakersfield Californian հրատարակությանը պատմել է Մելիսան: Դոն Սիմփսոնը կենդանության օրոք Bakersfield Racquet Club թենիսի ակումբի ամենատարեց անդամն է եղել եւ ակտիվորեն մասնակցել է դրա զարգացմանը:

Սիմփսոն ամուսինները որդի ունեն՝ Ջեյմս Մաք Սիմփսոնը, եւ չորս թոռնիկ: Նրանց երկրորդ որդին՝ Ուիլյամ Ուոլթեր Սիմփսոնը, տարեսկզբին մահացել է: