Հայաստանը չպետք է իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան կախվածության մեջ դնի այդ երկրի սահմանած պատժամիջոցներից: Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողներին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, այլ երկրների մթերքների դեմ սահմանված պատժամիջոցները Ռուսաստանում կմեծացնեն հայկական արտադրանքի պահանջարկը, սակայն դրան ապավինել պետք չէ, քանի որ պատժամիջոցները գործում են որոշակի ժամկետում:
«Փակված շուկան մի քանի ամիս անց կարող է նորից բացվել: Այդ պատժամիջոցների հիման վրա մեր արտահանման երկարաժամկետ ռազմավարություն մշակել պետք չէ: Իհարկե, հարկավոր է ամեն օր անդադար աշխատել պոտենցիալ շուկաներ մեր արտահանման առաջընթացի ուղղությամբ: Սա մեր ընթացիկ աշխատանքին ինչ-որ ձեւով կարող է նպաստել, բայց չեմ կարծում, թե ինչ–որ հիմնարար միջոց լինի»,- հայտարարել է Ճշմարիտյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հուլիսին հայտարարել է մոլդովական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ գինու համար ներմուծման մաքսատուրքի մասին: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ լեհական խնձորը եւ ուկրաինական կաթնամթերքը:





























