Թուրք ընտրողը Ռեջեփ Թաիփ Էրդողանին այլընտրանք չունի: Այսօր՝ օգոստոսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի առաջիկա ընտրությունները:
Նրա խոսքով՝ չնայած Գեզի հրապարակում ցույցերի ցրումը եւ վարչապետի ու նրա շրջապատի մասնակցությամբ բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներին՝ Էրդողանը հաղթողի ամենահավանական թեկնածուն է:
Նախագահի հիմնական հաղթաթուղթը, փորձագետի կարծիքով, հակառակորդների թուլությունն է:
«Էրդողոնին հաջողվեց ընտրությունների նախաշեմին մաքրել քաղաքական դաշտը: Այսօր թեկնածուներից եւ ոչ մեկը չի կարող իրական մրցակից լինել», - նշեց Շաքարյանը:
Փորձագետը հստակեցրեց, որ ոչ քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Սելահեթին Դեմիրթաշը, ոչ ընդդիմադիր գործիչ Էքմելեդդին Իսանօղլուն ժողովրդի շրջանում բարձր հեղինակություն չեն վայելում:
Բացի այդ, Էրդողանի իշխանության օրոք ժողովրդի բարեկեցությունը էականորեն բարելավվել է: Ավելին, նրան հաջողվել է ամրապնդել Թուրքիայի դիրքերը համաշխարհային ասպարեզում, ինչի շնորհիվ բնակչության բոլոր շերտերի կողմից համակրանքի է արժանացել:
Եվ վերջապես, չնայած մի շարք սադրիչ հայտարարությունների, Էրդողանը հարաբերական ազատություն էր շնորհել նաեւ քուրդ բնակչությանը եւ այլ ազգային փոքրամասնություններին:
Նշենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ:
Նախագահ ընտրվելու կոչման համար պայքարելու են երեք «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունների` «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդի Իսանօղլուն և քրդական ուժերի ներկայացուցիչ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը:





























