ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն պատրաստ են նոր պատժամիջոցների Ռուսաստանի դեմ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների ահաբեկչության դեմ պաքայրի եւ ֆինանսական հետախուզության գծով փոխնախարար Դեւիդ Քոենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները միասնական են, որպեսզի Ռուսաստանի վրա լրացուցիչ գին դնեն, եթե Մոսկվան չհասնի դեէսկալացիայի Ուկրաինայում»,-հայտարարել է Քոենը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատասխան միջոցառումները, «հավանական է, ոչ զգալի ազդեցություն ունենան» ԱՄՆ տնտեսության վրա: ԱՄՆ վարչակազմը շփման մեջ է գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ այդ հարցով, ասել է նա:

Քոենը հրաժարվել է մեկնաբանել այն բանի հավանականությունը, որ ստեղծված իրավիճակը կազդի Ռուսաստանում ամերիկյան Exxon Mobil էներգետիկ ընկերության նախագծերի վրա:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 6-ին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է «գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ պարենային ապրանքների առանձին տեսակների» ներմուծումը այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Հրամանագիրն ուժի մեջ կլինի մեկ տարի: