Մեր տնտեսությունում ամենածանր խնդիրներից մեկը, ինչպես հայտնի է, կապված է կենսաթոշակային համակարգի հետ: Նշենք, որ հանրապետության մշտական բնակչության ընդհանուր թվի աշխատանքային կենսաթոշակառուների մասնաբաժինը, ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ, կազմում է 15.2%:

Նշված ժամանակահատվածում կենսաթոշակների միջին մեծությունը կազմել է 36027.6 դրամ (շուրջ 88 դոլար): Նշենք, որ երկրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 44,600 դրամից մի քիչ պակաս, եւ միջին կենսաթոշակին գերազանցել է ավելի քան 1.2 անգամ: Այսինքն՝ Հայաստանի միջին վիճակագրական կենսաթոշակառուն նախկինի նման համարվում է «աղքատ» քաղաքացի:

Բացի այդ, հաշվի առնենք, որ մեր նվազագույն սպառողական զամբյուղը կյանքի սոցիալական ստանդարտի իրական արժեքի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Շատերին հետաքրքրում է հետեւյալ հարցը. ինչո՞ւ են մեզ մոտ կենսաթոշակները զուտ խորհրդանշական:

Պետական կենսաթոշակային համակարգը սովորաբար հիմնվում է «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա: Այդ համակարգով օպտիմալ է համարվում, երբ յուրաքանչյուր թոշակառուի համար միջինը 2-3 աշխատողից սոցվճար է գանձվում: Իսկ մեզ մոտ այդ ցուցանիշը կազմում է 0.8 անգամ: Այսինքն՝ թոշակառուներն ավելի շատ են, քան հարկատուները: Դա ցածր կենսաթոշակների վրա ազդող հիմնական գործոնն է:

Այդ պատճառով մեզ մոտ միջին կենսաթոշակի եւ միջին աշխատավարձի հարաբերակցության բավական ցածր գործակից է: Հայաստանում հունիսին այն կազմել է 22%: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 50-70%-ի սահմաններում: Միաժամանակ, հաշվի առնենք աշխատավարձերի մակարդակի հսկայական տարբերությունը:

Եթե հանենք աշխատավարձից պարտադիր հարկերը, ապա ստացվում է, որ այնտեղի թոշակառուն գործնականում ստանում է իր նախկին «մաքուր» աշխատավարձը, այժմ՝ կենսաթոշակի տեսքով: Այսպիսով, մեր կենսաթոշակի փոքր չափն օրինաչափ հետեւանքն է ինչպես բնակչության զբաղվածության, այնպես էլ աշխատավարձի ցածր մակարդակի: