Արգելքի տակ հայտնված ապրանքների՝ 2013թ. ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը կազմել է 5,3 մլրդ եվրո՝ ԵՄ-ից Ռուսաստան արտահանվող սննդային եւ գյուղատնտեսական արտադրանքի գրեթե կեսը, ասվում է Եվրահանձնաժողովի նյութերում: «ԵՄ-ից Ռուսաստան արգելքի տակ ընկած գյուղտնտեսական եւ սննդային արտադրանքի արտահանումը, ներառյալ ձկնային արտադրանքը, 2013թ. կազմել է 5,252 մլրդ եվրո» - ասվում է փաստաթղթերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընդ որում, ԵՄ-ից Ռուսաստան գյուղատնտեսական եւ սննդային արտադրանքի ընդհանուր արտահանումը անցած տարի կազմել է 11,372 մլրդ եվրո: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանին բաժին է ընկում Եվրամիության գյուղտնտեսական արտահանման մոտ 10%-ը (120 մլրդ եվրոյից 11 մլրդ եվրոն):

Ռուսաստանը Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ մտցրած մի շարք երկրներից՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Նորվեգրիա, մեկ տարով սահմանափակել է մի շարք ապրանքների ներմուծումը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել տավարի միսը, խոզի միսը, մրգեր, թռչնամիս, կաթնամթերք, ինչպես նաեւ ընկույզ եւ այլ արտադրանք: